ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ապրիլի 15-ին մասնակցել է Հայաստան-Վրաստան բիզնես ասոցիացիայի մեկնարկին և հայկական շուկա Helio.AI-ի մուտքին նվիրված միջոցառմանը։
Միջոցառման նպատակն էր խթանել բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսությունը, ներկայացնել ներառական բիզնես զարգացման հնարավորությունները և ապահովել ռազմավարական ցանցային հարթակ շահագրգիռ կողմերի՝ պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային գործընկերների և գործարար շրջանակների համար։
Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստան - Վրաստան գործարար ասոցիացիայի ստեղծումը և հույս հայտնել, որ այն կդառնա արդյունավետ հարթակ՝ աջակցելու շուկա մուտքին, խթանելու գործընկերությունների ձևավորմանը և զարգացնելու փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Նա նաև ընդգծել է, որ Helio.AI-ի մուտքը հայկական շուկա վկայում է տարածաշրջանի՝ որպես տեխնոլոգիական համագործակցության և նորարարության զարգացող կենտրոնի ձևավորման մասին։
«Հայաստանի կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ», - իր ողջույնի խոսքում նշել է Լիլյա Սիրականյանը։
Միջոցառմանը մասնակցել են պետական և մասնավոր հատվածների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ներդրողներ։