Վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք մեր կողմից չի արձանագրվել: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ԿԸՀ-ն հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ որևէ դեպք արձանագրե՞լ է, և այդ մասին ծանուցել ու տեղեկացրե՞լ է խախտում կատարողին:
Վահագն Հովակիմյանը պարզաբանեց՝ ԿԸՀ-ն վարչական ռեսուրսի չարաշահման դեպք կարող է արձանագրել, երբ կան թեկնածուներ, այսինքն՝ ԸՕ-ի 23-րդ հոդվածը կարող է գործել այն պահից, եթե կան թեկնածուներ, իսկ եթե չկան գրանցված թեկնածուներ, ովքե՞ր են այդ չարաշահողները:
«Երբ կունենանք թեկնածուներ, այդ թեկնածուների գործունեությունն էլ կկարողանանք գնահատել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դիտորդների գործունեության չեզոքության ապահովմանը, Վահագն Հովակիմյանը նշեց. «Մենք ասում ենք՝ հարգելի՛ դիտորդներ, քաղաքական չեզոքությունը մի՛ խախտեք: Եթե ստացանք բողոք, որ որևէ դիտորդ խախտել է քաղաքական չեզոքությունը, այդ դիտորդին հավատարմագրումից զրկելու ենք: Վե՛րջ: Կապ չունի՝ ով է»: