Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք՝ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։
Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, որոնք ձերբակալվել են։ Նրանցից մեկը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանն է։