Ես ասում եմ, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, հրաժարվում են այսպես կոչված «պատմական արդարության վերականգնման օրակարգից», որովհետև կարծում եմ, որ պետք է արդա՛ր իրականության հետևից գնալ, ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների: Ես պարտքս եմ համարում սրա մասին տեղեկացնել մեր ժողովրդին:
Իմիջիայլոց, սրանք պարզ թեմաներ չեն, և նույնիսկ վարչապետի համար համարձակություն է պետք այս թեմաներն այսպես բաց և հրապարակային արծարծելու համար»,- ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց՝ ինչն է իրեն «վճռականության վերջին կաթիլը տվել»՝ այս թեմաներով բաց և հրապարակային խոսելու: Ըստ այդմ՝ դա վերջին 1 ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացների հետ իր շփումներն ու քննարկումներն են, որի արդյունքում տեսել է, որ այս խոսույթն օրգանական կապ ունի ՀՀ ժողովրդի ցանկությունների, նպատակների և իղձերի հետ:
«Մենք գնալու ենք այս ճանապարհով, և ժողովուրդը, այո՛, կարծում եմ՝ պետք է այս ռազմավարությանը տեր կանգնի: Համոզված եմ, որ ժողովուրդը տեր կկանգնի, որովհետև կա սեփական շահերի գիտակցման խոր պատեհություն»,- ասաց նա:
Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, որ եթե հանրության սոցիալ-հոգեբանության մեջ դրվելու է այն, որ տարածաշրջանում պետք է վերականգնել պատմական արդարությունը և իրագործել Անկախության հռչակագրի շրջանակում պատկերացրած Արևմտյան Հայաստանի և ԼՂ-ի ռազմավարություները, կնշանակի ձևակերպել օրակարգ ՀՀ-ն ոչնչացնելու մասին:
«Եթե այս ընդդիմությունը եկավ իշխանության, ինչը ես պրակտիկորեն բացառում եմ ժողովրդի հետ շփումների արդյունքում, ինչո՞ւ է լինելու պատերազմ. որովհետև բոլոր այդ հիմնական ուժերը հանդես են գալիս խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու տրամաբանությամբ: Այսինքն՝ իրենք խաղաղության տակից հողը քաշում են, նշանակում է՝ խաղաղությունը քանդվելու է, իսկ երբ խաղաղությունը քանդվի, լինելու է պատերազմ»,- ասաց նա: