ՀԷՑ-ի սեփական կարիքների համար (վարչական շենքեր և հատուկ շենք-շինություններ) 2025 թվականի հունվար ամսին դուրս է գրվել շուրջ 2,8մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա, իսկ այս տարի հունվար ամսին նույն նպատակով սպառվել է մոտ 1,97մլն կՎտ. ժամ, այսինքն ավելի քան 800.000 կՎտ. ժամ պակաս քանակի, քան անցյալ տարի։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Արդյունքում ՀԷՑ-ը խնայել է միայն այս հունվարին մոտ 40մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ, ընդ որում սպառման համակարգում որևէ փոփոխություն/սպառման կրճատում տեղի չի ունեցել։ Ենթադրաբար այդ քանակի էլ.էներգիա նախկինում հավելագրվել է միայն վարչական շենքերում սեփական կարիքների հաշվառման հաշվիչներին՝ բաշխման ցանցում տեխնիկական կորուստների թվային «նվազեցման» նպատակով։
Ավելի խոսուն պատկեր ունենք փետրվար ամսվա կտրվածքով. 2025թ. փետրվարի ծախսը սեփական կարիքների համար կազմել է շուրջ 2,76մլն կՎտ. ժամ, իսկ այս տարվա փետրվարի ցուցանիշը կազմում է ընդամենը 1,4մլն կՎտ. ժամ սպառում. անցյալ տարվանից ավելի քան 1,36մլն կՎտ. ժամով պակաս, ինչը ենթադրում է շուրջ 68մլն ՀՀ դրամ խնայված միջոցներ։
Այսպիսով ամսական նվազագույնը 50մլն ՀՀ դրամ կամ նույնն է՝ տարեկան ավելի քան 600մլն ՀՀ դրամ խնայողություն կունենանք միայն ՀԷՑ-ի սեփական կարիքներին ուղղված էլ.էներգիայի սպառման ծավալներից, որը կուղղվի ցանցում հրատապ միջամտության կարիք ունեցող մի շարք խնդիրների լուծմանը»,- ասվում է գրառման մեջ։