ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ադմինիստրատոր Ալեքսանդր Դե Քրոյի հետ և ընդգծել Հայաստանի ու ՄԱԶԾ միջև առկա ամուր գործընկերությունը։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:
Քննարկվել են Հայաստանի 2026-2030 թթ. ազգային ծրագրի իրականացման հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գենդերային հավասարության առաջխաղացմանը, դիմակայունության և հումանիտար արձագանքման կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին, որը Հայաստանը կհյուրընկալի ընթացիկ տարում։
Դեսպան Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել, արդյունավետ և նշանակալի արդյունքների ապահովման նպատակով, սերտորեն համագործակցել ՄԱԶԾ-ի հետ՝ հաշվի առնելով, որ Հայաստանը Գործադիր խորհրդի անդամ է։