ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 2-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
«Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում անհայտ կորած անձանց մասին համապարփակ օրենսդրություն չկա: Քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել, թե ով է համարվում անհայտ կորած անձ, ինչպես նաև ամրագրել անհայտ կորած անձանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքները: Սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգերը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթները և հետախուզման դադարեցման դեպքերը:
Նախատեսվում է լիազոր մարմնի ներքո ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի են լինելու անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին: Սահմանվելու է անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական և բովանդակային փոփոխություններ: Նպատակն է բացառել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հանգամանքներում և պայմաններում անհայտ կորած անձանց մասին» օրենքի և գործող մի շարք օրենքների դրույթների միջև հնարավոր հակասությունները:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:
Առաջին ընթերցումից հետո տեխնիկական փոփոխություններ են առաջարկվել: Օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետն առաջարկվել է սահմանել տվյալ տեխնիկական փոփոխության իրականացման ավարտի պահը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումները:
Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել: Կառավարության նախաձեռնությամբ որևէ փոփոխություն չի իրականացվել: