«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը, ՀՀ վարչապետի տիկին և հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի գլխավորությամբ, փետրվարի 19-ին, անցնելով հազարավոր կիլոմետրեր, հանդիպել է պատկառելի բուդդայական վանական Բհիկխու Պանակարային և մյուս պատվելի վանականներին, որոնք նոր էին ավարտել իրենց՝ 2300 մղոն ձգվող «Քայլերթ հանուն խաղաղության» (Walk for Peace) առաքելությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Իմ քայլը» հիմնադրամը:
Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքում գտնվող Huong Dao տաճարում։ Հանդիպմանը ներկա են եղել նաև «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արաքսի Սիմիդյանը (ԱՄՆ), փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, Ֆորտ Ուորթի քաղաքապետը, տաճարի համայնքի ներկայացուցիչները և տարբեր երկրներից ժամանած ու քայլերթին մասնակցած բուդդայական վանականները, որոնք հատուկ սպասել են Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը նախքան իրենց երկրներ վերադառնալը։
Խորհրդանշական է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Ալոկան՝ «Խաղաղության շունը», որը քայլերթի ամբողջ ընթացքում՝ բոլոր 112 օրերին, անբաժան է եղել վանականներից՝ դառնալով նրանց լուռ, բայց հավատարիմ ուղեկիցն այդ դժվարին և խորհրդավոր ճանապարհին։
Պատկառելի Պանակարան, ամփոփելով իրենց անցած ուղին, նշել է, որ խաղաղությունը պետք է բխի անհատի ներսից՝ մաքուր և անկեղծ սրտից։ «Երբ մի քանի վանականներով սկսեցինք այս ճանապարհը, չէինք սպասում նման ուշադրության և աջակցության։ Մարդիկ ասում էին, որ սա հենց այն էր, ինչ իրենց պետք էր։ Մեզ համար անհավատալի էր, որ մեկ այլ երկրի առաջին տիկինը կարող է նման ոգեշնչմամբ հետևել մեզ, կիսել մեր մտքերը, հավատալ մեր գաղափարին և նման երկար ճանապարհ անցնել մեզ հետ հանդիպելու համար։ Ես երջանիկ եմ, որ մենք ունենք նույնական առաքելություն և նպատակ։ Խաղաղությունը միայն ազգերի ու երկրների համար չէ, այն ամբողջ մարդկության համար է»,– ասել է նա։
Աննա Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել վանականներին՝ ընդգծելով նրանց 112-օրյա ճանապարհի հոգևոր կշիռը. «Ես 24 ժամ անցկացրի օդում այստեղ գալու և ձեզ հանդիպելու համար… Բայց ի՞նչ է հարմարավետության մեջ թռիչքով տարածություն հաղթահարելը, երբ Դուք և ձեր 24 վանականները 112 օր շարունակ քայլել եք 2300 մղոն՝ հանուն խաղաղության և մեզ բոլորիս»։
Անդրադառնալով իր անձնական փորձին և «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը՝ նա անկեղծորեն կիսվել է իր մտորումներով. ︎
«Իմ նախաձեռնությունը անավարտ մնաց. խաղաղությունը պահանջում է հետևողականություն, հավատ, համբերություն և քաջություն։ Ձեր քայլերն ավելի բարձր ու անկեղծ են հնչում, քան աշխարհի բազմաթիվ հայտարարություններն ու հռչակագրերը»։ ︎
«Շատերը խաղաղությունը տեսնում են որպես պատրանք, այլ ոչ թե ընտրություն։ Սակայն ձեր քայլերթը հակառակն է ապացուցում՝ յուրաքանչյուր մարդկային սիրտ կարող է անել քայլ դեպի խաղաղություն։ Դրա լավագույն վկայությունը մեր օրինակն է. երեսուն տարի տևած հակամարտությունից հետո, առաջնորդների ջանքերի շնորհիվ, այսօր հասել ենք խաղաղության համաձայնագրի։ Մեր համընդհանուր պատասխանատվությունն է սնուցել և պահպանել այդ ձեռքբերումը, որպեսզի գալիք սերունդներին ժառանգենք ոչ թե հակամարտության ժամանակավոր դադար, այլ կայուն և հարատև խաղաղություն»։
Հանդիպման հուզիչ պահերից է եղել Պատկառելի հոգևոր ուսուցիչ Ռաթանագունայի անսպասելի ելույթը։ Նա, տեսնելով համընդհանուր ոգեշնչումը, որոշել է խոսել և իր երախտագիտությունը հայտնել տիկին Հակոբյանին։ «Միշտ մտահոգ եմ եղել, թե ում պետք է փոխանցեմ իմ առաքելությունը, արժեքներն ու հավատքը։ Հիմա հանգիստ սրտով կարող եմ թողնել այս աշխարհը՝ իմ առաքելությունը փոխանցելով իմ աշակերտ Պանակարային»,– ասել է ուսուցիչը:
Պաշտոնական մասից հետո Պատկառելի Պանակարան Հիմնադրամի պատվիրակության համար շրջայց է անցկացվել տաճարի տարածքում։ Հանդիպումն անցել է ջերմ և մտերմիկ մթնոլորտում՝ ամփոփվելով ավանդական վիետնամական հյուրասիրությամբ։
«Այս օրը լցված էր հույսով և այն համոզմունքով, որ խաղաղությանն ուղղված յուրաքանչյուր քայլ՝ անկախ կատարողի դիրքից՝ լինի առաջնորդ թե հոգևորական, մեզ մոտեցնում է ավելի բարի ու ներդաշնակ աշխարհի»,– ասվում է տարածված հաղորդագրոթյան մեջ։