ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ:
Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել և ձերբակալվել են։
Լոռու մարզի քննչական վարչության ծառայողների հետ համատեղ կատարված խոշորամասշտաբ խուզարկություններով նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ:
Հանցավոր խմբի 10 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Կատարվում է նախաքննություն։