Աբու Դաբիում մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները: Հանդիպումն անցնում է փակ ձևաչափով: Ուկրաինական թիմի ղեկավար Ռուստեմ Ումերովը տեղեկացրել է, որ եռակողմ շփումներից հետո աշխատանքները կշարունակվեն առանձին խմբերի մակարդակով: Ենթադրվում է, որ օրակարգում լինելու է հիմնականում տարածքների հարցը, որով կողմերին չի հաջողվում փոխզիջման հասնել:
Կրեմլից հայտարարել են, որ խաղաղ կարգավորման դուռը բաց է, սակայն, ըստ Դմիտրի Պեսկովի, գործընթացը խոչընդոտում է Կիևը: «Ուստի ռուսական կողմը շարունակելու է ռազմական գործողությունները»,- հավելել է Ռուսաստանի նախագահի խոսնակը: Պեսկովը նաև շնորհակալություն է հայտնել ամերիկացի բանակցողներին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար։
Բանակցություններին ընդառաջ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել էր ուկրաինական էներգահամակարգին Ռուսաստանի զանգվածային հարվածները՝ հայտարարելով, որ Մոսկվան կասկածի տակ է դնում ձեռնարկվող դիվանագիտական գործընթացները: Նշենք, որ Մոսկվան Թրամփի խնդրանքով մեկ շաբաթով մինչև փետրվարի 1-ը դադարեցրել էր Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հարձակումները: «Ակնկալում ենք ռուսական վերսկսված հարվածներին Միացյալ Նահանգների արձագանքին»,- շեշտել է Զելենսկին։ Վաշինգտոնից պատասխանել են. «Պուտինը կատարել է իր խոստումը»: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական կողմը մեկ շաբաթ չի թիրախավորել Ուկրաինայի էներգահամակարգը, և դա էլ արդեն մեծ ձեռքբերում է:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում