Փետրվարի 3-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և միջազգային հեղինակավոր Plug and Play Tech Center աքսելերացիոն ընկերության Plug and Play Armenia հայկական մասնաճյուղի համատեղ ինկուբացիոն ծրագրի շրջանակներում իրականացվող Pitches and Pizza խորագրով համայնքային միջոցառումը: Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Նախաձեռնության առանցքային նպատակն է ստեղծել մասնագիտական հարթակ հայկական ստարտափների համար, որտեղ նրանք կկարողանան զարգացնել իրենց նախագծերը, բարձրացնել ներդրումային պատրաստվածությունը և ուղիղ կապեր հաստատել միջազգային փորձագետների և ներդրողների հետ։
Միջոցառման ընթացքում հայկական էկոհամակարգի 16 ստարտափներ տեխնոլոգիական հանրությանը և մասնագիտական ժյուրիին ներկայացրել են իրենց նորարարական բիզնես գաղափարներն ու նախագծերը (pitch)` ստանալով թիրախային արձագանքներ միջազգային և տեղական ճանաչում ունեցող փորձագետների կողմից։
Մասնակիցներին մասնագիտական խորհրդատվություն են տրամադրել Lufthansa Group-ի կորպորատիվ ռազմավարության ղեկավար Աննա Լենա Դրևիցը, Organizational Dynamics ընկերության հիմնադիր և մարդկային կապիտալի կառավարման փորձագետ Դեա-Անն Դ'Ամիկոն, Պրոդուկտների գծով մենթոր և հաջողակ ձեռնարկատեր Ջեյմի Ռեյնոլդսը, FORMULA VC վենչուրային ֆոնդի համահիմնադիր և գործընկեր Կարեն Վարդանյանը, SmartClick և Viral Mango ընկերությունների համահիմնադիր Ռեմ Դարբինյանը։ Տրամադրված մասնագիտական խորհրդատվությունը հիմնված էր շուկա մուտք գործելու ռազմավարությունների, բիզնես մոդելների կատարելագործման և ներդրումային գնահատման ժամանակակից չափանիշների վրա։
Միջոցառման ավարտին տեղի են ունեցել ոչ ֆորմալ քննարկումներ ու նեթվորքիգ՝ ստեղծելով փորձի փոխանակաման և նոր կապերի ձևավորման միջավայր: