Փետրվարի 4-ին Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության պետ Ֆուսատո Տանակայի, ինչպես նաև Ճապոնիայի գործարար ասոցիացիայի (ROTOBO) Գործադիր տնօրեն Կյոիչի Սուզուկիի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել նախընթաց տարիների ընթացքում մի շարք, այդ թվում՝ աղետների կանխարգելման, մարդկային ռեսուրսների զարգացման, հումանիտար ոլորտներում Հայաստանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Երկկողմ համագործակցության շրջանակներում կարևորվել են մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում արձանագրված վերջին ձեռքբերումները, ինչպես, օրինակ՝ նախորդ տարվա հունիսին Ճապոնիայի Գունմա նահանգի Տակասակի քաղաքում Ասիայում առաջին Թումո կենտրոնի բացումը։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև ընթացիկ տարվա ապրիլին կայանալիք JAPAN IT Week միջոցառմանը հայաստանյան ընկերությունների մասնակցության հետ կապված աշխատանքներին։
Մտքեր են փոխանակվել նաև համագործակցության ուղղությունների, այդ թվում՝ բնապահպանական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտության շուրջ։ Քննարկվել է նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17)` ՀՀ կողմից հյուրընկալման շրջանակներում փոխգործակցության հնարավորությունը։
Ճապոնիայի գործարար ասոցիացիայի գործադիր տնօրեն Կյոիչի Սուզուկիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է Ճապոնիայում Հայաստանի տնտեսական ներուժի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված շարունակական քայլերի անհրաժեշտությունը՝ բարձր գնահատելով այդ հարցում Ճապոնիայի բիզնես ասոցիացիայի հետ հաստատված համագործակցությունը։ Այդ համատեքստում կարևորվել են ROTOBO-ի հետ նախորդ տարվա ընթացքում համատեղ կազմակերպված միջոցառումները, որոնք խթան են հանդիսացել Ճապոնիայի հետ գործարար երկխոսության հաստատման համար։ Առանձնանշվել է Japan-Armenia Network for Investment Environment Improvement կայքէջի գործարկումը։
Անդրադառնալով ընթացիկ ծրագրերին՝ զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծել են ընթացիկ տարվա մարտին Տոկիոյում կայանալիք FOODEX JAPAN 2026 ցուցահանդեսին հայկական գինեգործական ընկերությունների մասնակցության կարևորությունը, ինչը կնպաստի հայկական գինեգործական արտադրանքի՝ ճապոնական շուկայում ներկայացմանը։