ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման շրջանակներում կողմերը, ընդգծելով ձևավորված արդյունավետ գործընկերության կարևորությունը, անդրադարձել են Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Հայաստանի տրանսպորտի, էներգետիկայի, ջրային և ենթակառուցվածքային այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքին:
Համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների համատեքստում կողմերը, մասնավորապես, քննարկել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի համաֆինանսավորման, ինչպես նաև ճանապարհների բարեկարգմանն ուղղված շրջանակային վարկային պայմանագրի վերաբերյալ ընթացիկ մանրամասները:
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալն իր երախտագիտությունն է հայտնել ԵՆԲ-ին՝ ՀՀ Կառավարության համար առաջնահերթ ծրագրերի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու հանձնառությանը հավատարիմ մնալու և շարունակական աջակցության համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքները համագործակցության ընդլայնման և ակտիվացման ուղղությամբ: