Նախագծով առաջարկվում է, որ այսուհետ բոլոր բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրվի ՀԴՄ կտրոն: Ամբողջ տեղեկատվությունը հավաքագրվելու է ԱՐՄԵԴ ծրագրային համակարգում, և արդյունքում կունենանք մեկ միասնական տեղեկատվական համակարգ: Այս մասին ասել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 4-ի նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Ծովինար Վարդանյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 380.1-րդ հոդվածում կատարել փոփոխություն, ըստ որի՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կլինի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա: Եթե վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով, ապա այս դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը կդառնա պարտադիր: «Ծառայությունների մատուցման համար կատարված վճարման դիմաց կգեներացվի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, որը քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային առողջապահական համակարգի հավելվածի միջոցով»,- մանրամասնել է Ծովինար Վարդանյանը:
Առաջարկվում է նաև բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում համապատասխանաբար հարկային հաշվի և ՀԴՄ կտրոնի վրա տպագրել յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված, համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:
«Ծածկագիրը ցույց է տալու՝ քաղաքացին ո՞ր ծառայություններից է օգտվել և որքա՞ն է վճարել ծառայության համար: Սա նաև վերահսկողական գործիք է»,- նշել է հիմնական զեկուցողը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը նշել է, որ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին: Նա ներկայացրել է որոշ տեխնիկական, խմբագրական առաջարկներ:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: