Սահմանամերձ բնակավայրերում բնակարանով ապահովման ծրագրով մենք արդեն ունենք 2384 հաստատված դիմում: Այդ մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:
«Այդքան ընտանիք, այդքան տուն և համայնքներ ունենք, նաև չեմպիոն համայնքներ ունենք, որտեղ կառուցվել է համարյա մինչև 300 տուն. դա մի մեծ գյուղ է: Մենք կարող ենք ասել, որ սա շատ հաջողված ծրագիր է»,- նշեց Արսեն Թորոսյանը:
«Ի՞նչ ենք ուզում անել, որը քննարկման փուլում է, բայց հույս ունեմ՝ 1-2 շաբաթում կվերջնականացնենք: 3 բան ենք ուզում անել. երեք խմբի համար ուզում ենք վերաբացել այս ծրագիրը. առաջինը այն քաղաքացիներն են, որոնք արդեն ունեն հողամաս կամ շինթույլտվություն 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ: Իրենք ցանկացել են, բայց չեն հասցրել օգտվել ծրագրից: Մեր գնահատականներով՝ դա մոտ 500 քաղաքացի է, շահառու:
Երկրորդ՝ համաչափ զարգացում ապահովելու համար մենք, այնուամենայնիվ, նոր շահառուների համար մտածում ենք այն վերաբացել միայն այն համայնքներում, որտեղ ավելի քիչ տներ են կառուցվել: Մոտ 500 քվոտայի մասին է խոսքը:
Երրորդ՝ մի կարևոր ուղղություն էլ նոր դպրոցներն են: Ունենք կառուցվող հարյուրավոր դպրոցներ նաև այնպիսի համայնքներում, որտեղ այդ պահին այդքան երեխա չկա, որ սովորի սահմանված չափի տեղերում: Մի քանի տարբերակ ենք քննարկում, որ ծրագիրը բացենք, վերաբացենք ոչ միայն սահմանամերձ գյուղերում: Մի օրինակ կա՝ դա Վայքի Գոմք բնակավայրն է, որտեղ էլ կա մեծ դպրոց, և գյուղի համար բացվել է ծրագիրը և՛ աշակերտների առումով, և՛ ուսուցիչների»,- ասաց նախարարը: