Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան: Վերջերս եվրոպական կառույցների կողմից համապատասխան զեկույցներ հրապարակվեցին, և ընդդիմախոսներն ու ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները շատ դառնացած նշում են, որ որևէ հղում քաղբանտարկյալներին չկա և այլն: Իսկ ինչի՞ մասին է դա խոսում, գուցե այն մասին, որ քաղբանտարկյալներ չկա՞ն: Այդ մասին նախարարության՝ 2025-ի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Միշտ նշել եմ, նորից կնշեմ, որ չի կարելի պատսպարվել քաղաքական հայացքի, մարդու ստատուսի, կարգավիճակի հետևում ու կատարել հանցանք կամ ենթադրել հանցանք, և հետո խոսել քաղաքական ինչ-որ հետապնդումների մասին: Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրում, որ քո կատարած արարքներին հետո պետք է պարտադիր տրվի քաղաքական ենթատեքստ:
Կան քրեական գործեր, այդ քրեական գործերի քննությունը շարունակվում է, որոշ գործերի որոշ ապացույցներ հասանելի են դարձել: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր անձնական հետևություններն անել, բայց դրանք վճռորոշ չեն և նշանակություն չունեն, քանի դեռ դատարանը հետևություններ չի արել, և մենք պետք է սպասենք՝ երբ կլինեն դատական ակտերը:
Վարույթն իրականացնող մարմինները կատարում են իրենց աշխատանքը, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող պատասխանատու լինել քննչական մարմինների, դատախազական մարմինների և դատարանների աշխատանքի համար, լավագույն բանը, որ կարող են անել, ուղղակի ձեռնպահ մնալն է այդ աշխատանքներին միջամտելուց և գնահատականներ տալուց: Եվ ուրեմն, ես չեմ տալու որևէ գնահատական այդ աշխատանքներին»,- ասաց նա: