Այսօր ՔԿՀ-ներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը՝ կալանավորված, 1463-ը՝ դատապարտյալ, այսինքն՝ վերջին 5 տարիների կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը 57-ով ավելին է, քան կալանավորված անձանց թիվը: Սա բավական դրական ցուցանիշ է, նշանակում է, որ կալանքների թիվը նվազում է, և փոխարենը ավելանում է դատական ակտերի թիվը, որոնք մտնում են օրինական ուժի մեջ: Սա վկայում է պրոցեսների արագացման մասին: Այդ մասին նախարարության՝ 2025 թվականի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նախարարը ներկայացրեց նաև ՔԿՀ-ներում հոսունության վերաբերյալ ցուցանիշը:
«Նախորդ տարի ՔԿՀ մուտք է գործել 2557 անձ (եթե համեմատենք 2024-ի հետ, ապա 2024-ին 2014 է եղել թիվը) և ՔԿՀ-ից դուրս է եկել 2396 անձ: Այսինքն՝ ամեն տարի մենք ունենք նույն թվով անձանց մուտք ու ելք: Իհարկե, դրանց մեջ կան մարդիկ, որոնք տևական ժամանակ է, ինչ պատիժ կամ կալանք են կրում, բայց հոսունությունը բավականին մեծ է»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս թվերը վկայում են կատարված մեծ աշխատանքի մասին:
2025-ին շարունակել են բարելավել նաև անազատության մեջ պահվող անձանց պատժի կրման կենսապայմանները: Վերանորոգման, շինարարական լայնածավալ աշխատանքներ են իրականացվել բոլոր քրեակատարողական հիմնարկներում, և այդ աշխատանքները, ըստ նախարարի, շարունակվելու են նաև հաջորդիվ:
«2025-ին մեզ վերջապես հաջողվեց փակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, այսինքն՝ մեր երկրում այլևս այդ հիմնարկը չի գործում, փոխարենը «Արմավիր» քրեակատարողական կենտրոնում գործում է նոր բժշկական սարքավորումներով հագեցված ստացիոնար ստորաբաժանում»,- ասաց նա:
Փոխվել են նաև անազատության մեջ գտնվող անձանց պատժի կրման պայմանները, բարելավումն արձանագրվել է անվտանգության գոտիների փոփոխության արդյունքում:
«Տասնյակից ավելի որոշումներ են կայացվել հօգուտ պատիժ կրող անձանց գոտիների փոփոխման, և այս քաղաքականությունը շարունակելու ենք միանշանակ, այսինքն՝ անազատության մեջ գտնվող անձինք դրական վարքագծի պարագայում միանշանակ հավակնելու են, որպեսզի նրանց անվտանգային գոտիներն ավելի հեշտ և արագ փոփոխվեն»,- ասաց նա: