Այսօր՝ օտար լեզուների միասնական քննության ժամանակ, մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում։ Այդ մասին հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։
«Խոտանված էջերի փոխարեն դիմորդներին բաժանվել են ճշգրտված տարբերակների պատճենները։ 2-րդ և 4-րդ տարբերակները գրողներին հավելյալ ժամանակ է հատկացվել՝ 30֊45 րոպե։ Խնդիրը հարթվել է: Կարճ ժամանակում նման ծավալի տպագրության դեպքում սխալներ, որքան էլ անցանկալի է, պատահում են։ Կարևորը՝ որ ժամանակին արձագանքեն և լուծում տան։ Իսկ արձագանքը եղել է և լուծում տրվել է:
Այնուամենայնիվ, որոշակի լարվածություն կա, և որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, որոնց թեստը տպագրական խոտանով է եղել: Լրացուցիչ քննությանը 2-ՐԴ ԿԱՄ 4-ՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ ԳՐԱԾ դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը: Այսինքն՝ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունից որևէ դիմորդ չի զրկվի: Քննության օրվա մասին առավել որոշակի՝ առաջիկայում»,- նշում են կենտրոնից: