Մեկ-երկու գլխագրերով տեսա հանրապետության երկրորդ նախագահի խոսքը, ու ինձ մոտ տպավորություն էր, որ վերջին 5 տարում իր քաղաքական ուժը չի փոխվել և որևէ ասելիք չունի, կամ եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք իր ասելիքը՝ Հայաստանը, ինչպես Լուկաշենկոն էր ասում, գնալու այլ տեղ չունի, քան կրկին ինչ-որ երկրի родина գտնելը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ հնչած մտքերին:
«Կարծում եմ՝ ինքը մինչև քոքը ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիրների քոքը կմաշեցնի: Թող մյուս ընդդիմադիրները մտածեն:
Համենայնդեպս, իր ամբողջ ասելիքն ասուլիսի ընթացքում երկուսն էր, իմ կարծիքով, որ գլխագրերից, վերնագրերից ծանոթացել եմ: Մեկը այն, որ Հայաստանը միմիայն Ռուսաստանի հետ լինի, և երկրորդը, ըստ իս, որը ոչ թե իր ընտրողին կամ մեզ էր ուղղված, այլ ընդդիմադիր դաշտին էր ուղղված, որ հանգի՛ստ նստեք ձեր տեղը, ընդդիմության լիդերը ես եմ լինելու»,- ասաց նա: