Նկատե՞լ եք, որ աշխարհում վերջին տարիների գործընթացի նկատմամբ դրական վերաբերմունք կա ամենուրեք՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, մեր բոլոր հարևանների մոտ՝ Վրաստան, Իրան, Ադրբեջան՝ բացի մեր ընդդիմադիր որոշ շրջանակներից և ռուսական որոշ պրոպագանդիստներից: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններին՝ կապված TRIPP-ի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ: Ըստ լրագրողի՝ Ֆիդանի հայտարարություններին քննադատաբար էին արձագանքել միայն ՀՀ ընդդիմադիր դաշտը և ռուսական որոշ պրոպագանդիստներ:
«Տպավորություն է՝ ռուսական որոշ պրոպագանդիստներ և ընդդիմությունը նույն դասարանից են: Նույնիսկ ՌԴ իշխանությունն է դրական բան խոսում, որովհետև գիտակցում է քաղաքական առումով և շատ ավելի ինֆորմացված է ու իրավիճակին շատ ավելի լավ է տիրապետում, կամ իրեն թույլ չի տալիս խոսել, կամ հասկանում է՝ խոսելու ժամանակը չէ, բայց վատ բան այս ամեն ինչի մասին խոսում են մեր ընդդիմադիրները և ռուսական որոշ բլոգերներ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 15-ին անդրադարձել էր տարածաշրջանային հարցերին, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաև «Թրամփի ուղու» վերաբերյալ նախագծին։
Ֆիդանը նշել էր, որ Հայաստանում 2026-ի հունիսին անցկացվելու են ընտրություններ, և որ այդ գործընթացը կարևոր փուլ է լինելու․ «Տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվեն»։