Արդյոք ուզո՞ւմ ենք լինել ԵՄ լիիրավ անդամ: Այո՛, աներկբա և միանշանակ: Այդ մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Միության անդամ դառնալու համար երկիրը պետք է համապատասխանի եվրոպական ստանդարտներին:
«Մեր ռազմավարությունը հետևյալն է, որ շատ ամուր և հստակ պետք է գնանք ՀՀ-ն ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնող ճանապարհով: Երբ սա տեղի կունենա, այդտեղ գալիս է քաղաքական որոշման հարց, որովհետև մենք պետք է մեզ հաշիվ տանք, որովհետև ԵՄ-ն կարող է որոշել, որ ԵՄ-ն այլևս չի ընդլայնվում: Կարող է նաև հակառակը տեղի ունենալ...
Այսինքն՝ այս կետում մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ մեզ ընդունում են ԵՄ անդամ, իսկ սա հնարավոր է միայն ստանդարտին համապատասխանելու դեպքում, կա՛մ չեն ընդունում ԵՄ անդամ ինչ-ինչ պատճառներով: Երկու դեպքում էլ ՀՀ-ն շահած է դուրս գալիս: Մի դեպքում մենք լինում ենք ԵՄ անդամ, մյուս դեպքում չենք լինում ԵՄ անդամ, բայց լինում ենք ԵՄ ստանդարտներին, ժամանակակից ստանդարտներին համապատասխանող պետություն»,- ասաց նա:
Փաշինյանը միաժամանակ հիշեցրեց՝ մյուս կողմից՝ ՀՀ-ն չի կարող լինել և՛ ԵՄ անդամ, և՛ ԵԱՏՄ անդամ, ապա հավելեց.
«Բայց հիմա ուրիշ իրողություն է պարզվում, որ, այնուամենայնիվ, տարածք կա՝ և՛ այս ճանապարհով գնալու, և՛ լինելու ԵԱՏՄ անդամ: Մենք հիմա այդ տարածքի մեջ ենք: Մենք հստակ ենք հայտարարում, մենք ձև չենք անում: Մենք հստակ հայտարարում ենք, որ գնում ենք այս ճանապարհով, բայց մենք այսօր ԵԱՏՄ անդամ ենք, ինչը նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի:
Հետևաբար այնքան, ինչքան համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ: Երբ այլևս համատեղելիության անհնարինություն կարձանագրվի, մենք ՀՀ քաղաքացիների հետ կկայացնենք այն որոշումը, որը կբխի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությունից»: