Ուրբաթ՝ հունվարի 9-ին, ԱՄՆ-ն կալանել է ևս մեկ նավթային լցանավ, որը, ենթադրաբար, կապ ունի Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ։ Olina նավը կալանել են Կարիբյան ծովում՝ Տրինիդադից ոչ հեռու, ինչից հետո նավ են բարձրացել առափնյա պահպանության աշխատակիցները։ Գործողությունն անցել է առանց միջադեպերի, հայտնել Է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը:
The Bell պարբերականը գրում է, որ Olina լցանավի գրանցման համարը համընկնում է Minerva M լցանավի համարի հետ, որը 2025 թվականի հունվարին հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ որպես «ստվերային նավատորմի» մաս, և օգտագործվում էր ռուսական նավթ տեղափոխելու համար՝ շրջանցելով արևմտյան սահմանափակումները։
Ըստ Reuters-ի՝ Olina-ն շարժվում է Արևելյան Թիմորի դրոշի ներքո: Վերջին անգամ նավն իր գտնվելու վայրի մասին տվյալներ է փոխանցել 52 օր առաջ՝ նոյեմբերի կեսերին՝ գտնվելով Վենեսուելայի ափերից ոչ հեռու։
Վենեսուելայից նավթի արտահանմանը մասնակցող լցանավերի հետապնդման գործողության շրջանակում Միացյալ Նահանգներն արդեն հինգերորդ լցանավն է կալանում:
ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ «ստվերային նավատորմի» նավերին բաժին է ընկնում Վենեսուելայի նավթի արտահանման մոտ 70 տոկոսը: