Երկուշաբթի կեսօրից հետո Հալեպում բախումներ են տեղի ունեցել Սիրիական ժողովրդավարական ուժերի ներքին անվտանգության ստորաբաժանման և Սիրիայի բանակի միջև, հատկապես՝ համատեղ վերահսկողության տակ գտնվող անցակետերի շուրջ։ Այդ մասին հայտնել է «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկեանը:
Կրակոցների և գնդակոծությունների հետևանքով Հալեպի տարբեր շրջաններ հայտնվել են վտանգի տակ։ Բնակչությունը անվտանգության նկատառումներով ապաստանել է բնակարաններում, իսկ քաղաքը արդեն երեկոյան ժամերին ամայացել է։
Ժամը 22:45-ին Սիրիայի բանակը հայտարարել է, որ դադարեցնում է կրակը՝ ՔԱՍԱՏ-ի հետ բանակցությունների մեկնարկին զուգահեռ։ Հայտնի է 8 վիրավորի և 2 զոհի մասին։ Զոհերի կամ վիրավորների մեջ հայեր չկան։
Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և ՔԱՍԱՏ-ի գեներալ Մազլում Աբդին ստորագրել են պատմական համաձայնագիր, որի համաձայն՝ պետք է ապահովվի բոլոր սիրիացիների մասնակցությունն ու ներկայացվածությունը երկրի քաղաքական կյանքում՝ անկախ նրանց կրոնական կամ ազգային պատկանելությունից, իսկ ՔԱՍԱՏ-ի զինված ուժերը պետք է ինտեգրվեն Սիրիայի բանակի կազմում։