Նախ՝ պետք է հիշել նաև, որ ձեր նշած հրապարակմանը զուգահեռ եղել է նաև հրապարակում, թե ինչ է ասել մեր դեսպանը իրանական կողմին, և դեսպանը կրկնել է, որ TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո և հավասարության փոխադարձության սկզբունքներով, և ո՛չ, TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Իրանից անհանգիստ հայտարարություններ են հնչում «Թրամփի ուղու» հետ կապված, մասնավորապես, Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ է:
«Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ և տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց զգայունությունները։
Իրենց շահերը հաշվի առնված են, և այս առումով շատ կարևոր է նշել, որ Իրանի ԱԳՆ-ն, այդ թվում՝ Իրանի արտգործնախարարը, բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է և նաև հնարավորություններ է ստեղծում իրենց համար։ Ես կարծում եմ՝ սա ուժի մեջ է»,- պատասխանեց ԱԺ նախագահի տեղակալը:
Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են Իրանից նման հայտարարություններ հնչում, Ռուբինյանը պատասխանեց, որ մենք պետք է հաշվի առնենք Իրանի, ընդհանրապես ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշումը, իսկ ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը։
«Մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարությունների վրա:
Մենք կարող ենք ասել հետևյալը, որ՝
ա) բացառվում է՝ Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո.
բ) մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը, և Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծ մասամբ համընկնում են։
Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան, և այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ։ Եվ մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի ԱԳՆ-ն բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա, և Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնված են։
Իրականում դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու»,- ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը: