Դեկտեմբերի 4-ին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը «Վաշինգտոնյան համաձայնություններն ու եվրոպական ինտեգրման հեռանկարները» խորագրով դասախոսությամբ հանդես է եկել Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության և եվրոպագիտության բնագավառներում մասնագիտացող ուսանողների առջև։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:
Ուսանողներով լի սրահում դեսպանն անդրադարձել է օգոստոսի վաշինգտոնյան համաձայնագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին և ձեռնարկվող քայլերին, տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերին՝ մասնավորապես ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և այդ համատեքստում հարևան երկրների հետ հարաբերություններին։
ՀՀ դեսպանը շեշտել է մարդասիրական հարցերի հասցեագրման կարևորությունը` այդ համատեքստում նշելով հայ պատանդների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։
Խոսելով «TRIPP»-ի իրագործման կարևորության մասին դեսպան Բալայանը շեշտել է, որ կապակցվածությունը և կապուղիների վերագործարկումը Հարավային Կովկասի համար նույն նշականությունն ունի, ինչ Ածխի և պողպատի միությունը Եվրոպայում խաղաղության հաստատման և համագործակցության մթնոլորտի ձևավորման համար։
Դասախոսությունից հետո ուսանողներն իրենց հարցերն են ուղղել դեսպանին` Հայաստանի արտաքին քաղաքականության, հարևան երկրների հետ փոխգործակցության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և ՀՀ եվրոպական հավակնությունների վերաբերյալ: