Այս գումարման ԱԺ-ի հետ մեր աշխատանքն ընդհանուր առմամբ լավ եմ գնահատում և գոհ եմ Կառավարության կատարած աշխատանքից: Իհարկե գերազանց չեմ գնահատում, այլ գնահատում եմ լավ: Եվ ուզում եմ ասեմ, թե ինչո՛ւ եմ լավ գնահատում: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե ինչո՛ւ է նման գնահատական տալիս:
«Մենք վստահ կանխատեսումներ ունենք 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով, և պիտի ասեմ, որ վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 1 տրլ 542 մլն դրամով կամ 133 տոկոսով:
Այս տարվա բյուջեի հավելյալ ավելացած մասը 2017-ի համեմատությամբ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն, այսինքն՝ մեր ավելացած մասը 2017 թվականի տարեկան բյուջեից ավելին է»,- ասաց նա:
Փաշինյանը նաև հիշեցրեց՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստացել էին, որ միջինում տարեկան կապահովեն 7 տոկոս տնտեսական աճ:
«Այս խոստումը լիուլի կատարված է, որովհետև վստահ ենք, որ 5 տարիների արդյունքում նվազագույնը, ամենանվազ տարբերակն ասեմ, 7,5-7,6 տոկոս տնտեսական աճ կապահովենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի թվերին, ապա 2021-2024 թվականներին ՀՆԱ-ն աճել է 36,6 տոկոսով: Ըստ Փաշինյանի գնահատականի՝ սա շատ լավ ցուցանիշ է:
Այն, որ այս փոփոխություններն ազդել են մարդկանց կյանքի որակի վրա, այդ մասին, ըստ Փաշինյանի, վկայում է Ջինիի գործակիցը:
«Վերջին ցուցանիշներով՝ ՀՀ-ն էական բարելավում է ունեցել այս տեսանկյունից, և նախորդող շրջանի նկատմամբ մենք բավականին լավ աճ ունենք, ինչը նշանակում է, որ երկրում գեներացվող գումարները, արդյունքը, դրա բաշխումը հնարավորինս հավասար ու արդար են տեղի ունենում»,- ասաց նա: