Պետական բյուջեն մի տակառ է, որի մեջ լցնում ենք ջուր: Մի հատ կանաչ դույլով ենք լցնում, մի հատ կարմիր դույլով, մի հատ դեղինով, մի հատ շագանակագույն դույլով, հետո ծորակով ներքևից բացում ենք, այդ ջուրը գալիս է: Երբ այդ ջուրը գալիս է, մենք չենք կարող ասել՝ այդ բաժակի մեջ դեղին դույլի ջուրն է, կանաչի, թե կարմիրի, որովհետև պետական բյուջեն մի ընդհանուր հասկացություն է: Այս մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը, անդրադառնալով պետական պարտքին, ասաց՝ չէին ուզում այդ թեմային անդրադառնալ, իսկ հիմա ինչի են ուզում խոսել՝ որովհետև խաղաղություն է հաստատված, կարող են խոսել:
«Չե՞ն տեսել իրենք բյուջեով՝ 2018-2025 թվականներին 4,4 միլիարդ դոլարի կապիտալ ծախս է միայն պաշտպանության ոլորտում: Ո՞նց կարող էին չտեսնել: Սա մի ուղղությունն է»,- ասաց Փաշինյանը:
Հաջորդ ուղղությունը, որով պարտք է ավելացել, ըստ նրա, կապված է Ղարաբաղի փախստականների և Ղարաբաղի հետ կապված չնախատեսված ֆունկցիաների ծախսի համար:
«Ուրիշ պատմություն սրա տակ չկա և պարզապես գոյություն չունի: Իհարկե, նախկինում եղել են նաև վարկային պայմանագրեր, բայց ընդհանուր առմամբ գնահատելով Կառավարության նախորդող շրջանի աշխատանքը, ուզում եմ ասել՝ լավ եմ գնահատում մեր աշխատանքը: Բայց ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն: Ամենակարևորն այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ տնտեսական ցուցանիշներն իհարկե կարևոր են, բայց ամենակարևորը չեն՝ ամենակարևորը Հայաստանը թակարդից ու փակուղուց դուրս բերելն է:
«Մենք Հայաստանը դուրս ենք բերել մի տեղ, որտեղ բոլոր ուղղություններով Հայաստանի առաջ բացվել է հեռանկար, և Հայաստանի ժողովորդն իր ինքնիշխան կամքով կարող է որոշել՝ որ ուղղությամբ, զարգացման ինչ տեսլական է որդեգրում»,- ընդգծեց նա: