Իրավական երաշխիքների ոտնահարման պրակտիկայի ձևավորումը կարող է ամենավտանգավոր հետևանքներն ունենալ ոչ միայն կոնկրետ անձանց ճակատագրերի, այլ մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից. նոյեմբերի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժողովրդավարության և անվտանգության դպրոցում հանդես է եկել բանախոսությամբ։
Պաշտպանը խոսել է մարդու իրավունքների գաղափարի հիմքում ընկած արժեքների, ոլորտում առկա խնդիրների ու մարտահրավերների մասին` ներկայացնելով հարցին առնչվող միջազգային չափանիշները։
Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ և համընդհանուր արժեքների վրա․ «Այդ արժեքների ամրապնդումը մեր հասարակությունում հնարավոր է նախևառաջ կրթության միջոցով՝ իրավագիտակցության բարձրացմամբ, ինչպես նաև յուրաքանչյուրիս օրինակելի վարքագծով։ Յուրաքանչյուրիս պարտականությունն է նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ մարդու արժանապատվությունը կլինի պաշտպանված ու հարգված, իսկ իրավունքների երաշխիքները` պահպանված»։
Բանախոսը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ոլորտային մարտահրավերներին, տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության առանձնահատկություններին և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։
Քննարկման մասնակիցները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր՝ կապված մարդու իրավունքների իրացման և պաշտպանության մեխանիզմների, պետական մարմինների հետ համագործակցության ձևաչափերի, ինչպես նաև ազգային և գլոբալ մակարդակներում առկա մարտահրավերների հետ։
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկումը նախաձեռնելու, ակտիվ մասնակցության և բովանդակալից քննարկման համար՝ ընդգծելով, որ կարևորում է նման ձևաչափի հանդիպումները՝ փորձի փոխանակման, ոլորտում առկա խնդիրների բացահայտման և դրանց համատեղ լուծումների որոնման տեսանկյունից։