Նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կենտրոնակայանում անցկացվեց «Եվրասիական տնտեսական միության դերը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջոցառումը, որին ԵԱՏՄ կողմից ներկա էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և գյուղատնտեսության նախարար Գոհար Բարսեղյանը:
Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես են եկել ԵԱՏՄ անդամ երկրներ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրզստանի մշտական ներկայացուցիչները, Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը:
«ՀՀ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը իր ելույթում խոսել է ագրոարդյունաբերական շուկայի կարգավորման և թվային գործիքների ներդրման ուղղությամբ ԵԱՏՄ անդամ երկրների գրանցած առաջընթացի, գյուղատնտեսության ոլորտում թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառման մասին:
Ներկայացնելով ՀՀ վարչապետի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մշտական ներկայացուցիչ Վ.Կարապետյանը նշել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումն աներկբայորեն կամրապնդի արտահանումը և առևտուրը ԵԱՏՄ շրջանակներում:
Այնուհետև նա խոսել է գալիք տարի Հայաստանում Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման մասին՝ հույս հայտնելով, որ ԵԱՏՄ անդամ երկրները բարձր մակարդակով ներկայացված կլինեն, իսկ ՊԳԿ-ը ակտիվ ներգրավվածություն կունենա միջոցառմանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և գյուղատնտեսության նախարար Գոհար Բարսեղյանը հանգամանալից ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում ձեռք բերված արդյունքները և ԵԱՏՄ դերը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում»,- ասված է հաղորդագրությունում: