Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացմանն աջակցելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում:
Ըստ հիմնավորման՝ պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում ստեղծված Նորարարության հայկական հիմնադրամի ֆինանսավորումը իրականացվում է համաֆինանսավորման հիմունքներով, որի դեպքում պետությունը համընկնող չափով (մեկին մեկ) համաֆինանսավորում է մասնավոր հատվածի ներդրումները։
Ներկայումս հիմնադրամը ստացել է 100,000.0 հազար դրամի մասնավոր ներդրում, որից 80,000 փոխանցվել է հիմնադրամի հաշվին՝ հիմնադիրների կողմից, իսկ մնացածը սպասվում է մինչև տարեվերջ։
Որոշմամբ առաջարկվում է անհրաժեշտ 100,000.0 հազար դրամը հատկացնել Կառավարության պահուստային ֆոնդից:
Հիմնադրամի առաքելությունն է խթանել գիտական, տեխնոլոգիական և նորարարական ներուժի զարգացումը՝ որպես Հայաստանի տնտեսական առաջընթացի, արդյունաբերական վերազինման և գլոբալ մրցունակության հիմնաքար։
Այն գործելու է որպես կապող օղակ Կառավարության, գիտության, կրթության, արդյունաբերության և միջազգային գործընկերների միջև՝ նպատակ ունենալով՝ աջակցել գիտահետազոտական և տեխնոլոգիական ռազմավարական ծրագրերի մշակմանը, մշակել պետություն-մասնավոր ներդրումային ծրագրեր, ներգրավել տեղական և միջազգային մասնագետների, գաղափարներ և ռեսուրսներ՝ Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացման նպատակով։