Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է «Նեպտուն» հրթիռներով և ԱԹՍ-ներով Նովոռոսիյսկի նավահանգստին հարվածելու մասին։ Ռազմանավերից բացի թիրախավորվել են նավահանգստային ենթակառուցվածքները, Շեսխարիսի նավթային տերմինալը և հրթիռային պահեստ:
Ռյազանի մարզում էլ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել ձեռնարկություններից մեկի տարածքում։ Ենթադրվում է, որ թիրախում է հայտնվել նավթավերամշակման գործարան։ Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Բարդ իրավիճակ է մարտի դաշտում: Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ ամենաթեժ մարտերը Պոկրովսկի ուղղությամբ են: Նրա խոսքով՝ ռուսական ուժերը փորձում են ներխուժել բնակելի թաղամասեր և ամրապնդել դիրքերը:
«Մշակել ենք հակազդման միջոցառումներ, կենտրոնացած ենք պաշտպանության ստորաբաժանումների համար կայուն լոգիստիկ ապահովման վրա»,- մանրամասնել է Սիրսկին: Ավելի վաղ՝ Մոսկվայից հայտնել էին, որ Պոկրովսկը շրջափակված է, ինչն ըստ Կիևի՝ չի համապատասխանում իրականությանը: