Ինչպե՞ս է TRIPP Road ընկերությունն աշխատելու հողի վրա կամ ի՞նչ է ստանալու հողի հետ հարաբերվելիս. այն, ինչ մինչև հիմա նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է մի ինստիտուտ, որը կոչվում է կառուցապատման իրավունք, որը մինչև հիմա Հայաստանում տասնյակ անգամներով կիրառվել է: Այդ մասին տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ որոշակի իրավական ընթացակարգերով որոշակի ընկերություն ստանում է տարածք՝ այդ տարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով շահույթ ստանալու համար:
Առանձնահատկությունն այն է այս ինստիտուտի, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնում է ՀՀ սեփականություն: Սա շատ կարևոր նրբություն է: Բայց հողը միշտ է ՀՀ սեփականությունը: Այսինքն՝ այն, ինչ մենք կառուցապատման իրավունքով տալիս ենք, այդ հողը եղել է, կա և միշտ՝ ընթացքում, դրանից առաջ, դրանից հետո, շարունակում է մնալ ՀՀ սեփականությունը, և ինչպես արդեն ասացի, պետական որևէ մարմնի որևէ գործունեության համար այդտեղ որևէ սահմանափակում չի իրականացվում ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված կարգով»,- ասաց նա: