Հյուսիսկորեացի սակրավորներին ներգրավել են Կուրսկի շրջանում ականազերծման աշխատանքներին՝ հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» թերթը։ ՊՆ-ում պարզաբանել են, որ ԿԺԴՀ-ի զինվորականները, ի թիվս այլ բաների, վնասազերծում են հակատանկային և հակահետևակային ականներ, ինչպես նաև տարբեր հրետանային արկեր: Մինչ այդ ԿԺԴՀ-ի զինվորները լրացուցիչ պատրաստություն են անցել Ռուսաստանի ինժեներական զորքերի ուսումնական կենտրոններում՝ հայտնել է նախարարությունը:
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, որը ԿԺԴՀ-ն վավերացրել է 2024 թվականի նոյեմբերին: Համաձայնագիրը երկու կողմերին պարտավորեցնում է նրանցից մեկի դեմ ագրեսիայի դեպքում անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել՝ «բոլոր անհրաժեշտ միջոցներով»:
2025 թվականի ապրիլին Հյուսիսային Կորեան պաշտոնապես ընդունել էր, որ իր զինվորներին ուղարկել է Ռուսաստան։ Հյուսիսային Կորեայի զինվորականները մասնակցել են Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինուժի դեմ մարտերին, որոնց ժամանակ, ըստ Հարավային Կորեայի՝ սպանվել է առնվազն 2000 հյուսիսկորեացի զինվոր։
Բացի այդ, Հարավային Կորեայի և Արևմուտքի մի շարք երկրների հետախուզական ծառայությունների տվյալներով՝ ԿԺԴՀ-ն Ռուսաստանին մատակարարում է հրետանային արկեր և հրթիռներ: Ենթադրվում է, որ փոխարենը Փհենյանը Մոսկվայից ստանում է տեխնիկական խորհրդատվություն, այդ թվում՝ արբանյակների արձակման վերաբերյալ։