ԱՄՆ-ը ցանկանում է իր ռազմական ներկայությունը հաստատել Դամասկոսի ավիաբազայում՝ Սիրիայի և Իսրայելի միջև ապագա անվտանգության պայմանագրի իրականացմանը նպաստելու համար: ԱՄՆ-ը միջնորդում է Սիրիայի և Իսրայելի միջև բանակցությունները՝ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով վեց աղբյուրի:
Լրատվականի աղբյուրը հայտնել է, որ Պենտագոնը վերջին երկու ամսվա ընթացքում արագացրել է զորքերի տեղակայման նախապատրաստական աշխատանքը և մի քանի հետախուզական առաքելություններ է իրականացրել Դամասկոսի բազայում: Ընդ որում՝ Սիրիան կպահպանի օբյեկտի նկատմամբ լիակատար ինքնիշխանությունը:
Reuters-ի աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները ճնշում են գործադրում Սիրիայի վրա՝ մինչև տարեվերջ Իսրայելի հետ համաձայնագիրը ստորագրելու համար:
ԱՄՆ զորքերն արդեն տեղակայված են Սիրիայի հյուսիս-արևելքում՝ իրականացնելով «Իսլամական պետության» դեմ պայքարի առաքելությունը: Գարնանը, սակայն, Թրամփի վարչակազմը որոշել էր գրեթե կիսով չափ՝ մինչև 1000 զինվոր, կրճատել իր ռազմական ներկայությունը Սիրիայում։