ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել օգնել Նյու Յորքի նորընտիր դեմոկրատ Զոհրան Մամդանիին՝ հանուն քաղաքի բարգավաճման։
«Տեսնենք, թե ինչ կանի կոմունիստը Նյու Յորքում։ Մենք ուզում ենք, որ Նյու Յորքը հաջողակ լինի։ Գուցե մենք նրանց մի փոքր օգնենք»,- ասել է Թրամփը Մայամիի բիզնես-ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Ավելի վաղ Թրամփը Մամդանիի հաղթանակի դեպքում, որին նա կոմունիստ է անվանում, խոստացել էր դադարեցնել քաղաքի դաշնային ֆինանսավորումը «բացառությամբ ամենաանհրաժեշտ նվազագույնի»: ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Մամդանիի հաղթանակի դեպքում Նյու Յորքը կբախվի «լիակատար և վերջնական տնտեսական և սոցիալական աղետի»:
Նորընտիր քաղաքապետն էլ հայտարարել է, որ իր ղեկավարման ժամանակ Նյու Յորքը կդառնա ԱՄՆ նախագահի դեմ դիմադրության կենտրոն։ 34-ամյա Մամդանին պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ին։ Նա կլինի Նյու Յորքի ամենաերիտասարդ և առաջին մուսուլման քաղաքապետը։
Մամդանին, մասնավորապես, հանդես է գալիս բնակարանների վարձավճարների սահմանափակման, ցածր գներով խանութների ստեղծման, անվճար հասարակական տրանսպորտի օգտին: Բացի այդ, նա խոստացել է աջակցել արհմիություններին և ընդլայնել աշխատանքի պաշտպանության միջոցառումները: