Կարևոր է, որ նոր փաստերը, հանգամանքները ի հայտ են բերում հաստատված խաղաղությունը, մասնավորապես նկատի ունեմ Ադրբեջանի այն հայտարարությունը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա, ըստ էության, պատմական իրադարձություն է և նշանակում է Հայաստանի Հանրապետության շրջափակման հաղթահարման առաջին փուլը: Բայց կարևոր է նաև՝ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին, նաև համապատասխան քայլեր անի, և այս պահին դրան մեր արձագանքը հետևյալն է, որ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես, Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով: Ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետև սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք այսօր կարող ենք իրականացնել:
Ենթադրենք՝ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետին՝ ուղևորվելու դեպի Ադրբեջան, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա: Մեր ճանապարհները մինչև Գորիս, մինչև Կոռնիձոր գտնվում են լավ վիճակում, և գիտեք, որ Կոռնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք ունենք և կարող ենք սպասարկել, այդ թվում՝ հակառակ ուղղությամբ: Այսինքն՝ եթե Կոռնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա՝ անցում կատարելու համար դեպի Թուրքիա, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել»,- ասաց նա: