ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին է փոխանցել ևս մեկ մահացած իսրայելցի պատանդի աճյունը։ Այն արդեն տեղափոխվել է Իսրայել՝ նույնականացման։
Հոկտեմբերի 13-ից՝ Գազայում հրադադար հայտարարվելուց ի վեր, պաղեստինյան շարժումը դեռ վերադարձրել է զոհված 28 պատանդից 9-ի մարմինները։ ՀԱՄԱՍ-ը մեկնաբանել է մեղադրանքները, որ շարժումը դեռևս Իսրայելին չի փոխանցել հոկտեմբերի 7-ին գերեվարված պատանդների բոլոր աճյունները: Ըստ շարժման՝ գործընթացը ձգձգվում է, քանի որ բարդ է կարճ ժամանակահատվածում գտնել բոլոր աճյունները:
«Մարմինների մի մասը թաղված է Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով ավերված թունելների և շենքերի փլատակներում։ Նրանց փոխանցումն ուշանում է, քանի որ Իսրայելը թույլ չի տալիս Գազա փրկարարական սարքավորումներ տեղափոխել»,- ասված է շարժման հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել էր՝ եթե ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի գերիների մարմինները և խախտի Գազայում հրադադարի համաձայնությունը, ինքը թույլ կտա Իսրայելի վարչապետին՝ վերսկսել ռազմական գործողությունները: