»
ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» օրակարգային կետի ներքո ՄՆ խորհրդական Վարդուհի Մելիքյանն իր ելույթում անդրադարձել է վերջին տարիներին մարդկության դեմ ուղղված հանցագործությունների աճին, ինչպես նաև պատասխանատվության հարցում առկա մարտահրավերներին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:
Ընդգծվել է միջազգային դատարանների արդյունավետ գործունեությունն ու միջազգային հումանիտար իրավունքի դինամիկ զարգացման անհրաժեշտությունը։
«Կանխարգելումը կարևոր շրջանակ է հանդիսանում խաղաղության և անվտանգության պահպանման համատեքստում կարևորագույն հարցերի հասցեագրման և ՄԱԿ տարբեր ճյուղերի համակարգման տեսանկյունից։ Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է եղել։ Այս համատեքստում ընդգծվեցին նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Երևանում անցկացված 5-րդ Գլոբալ ֆորումը, ՀՀ-ի անդամակցությունը միջազգային հումանիտար իրավունքի ոլորտում քաղաքական հանձնառությունների խթանմանն ուղղված գլոբալ նախաձեռնությանը, 2025թ․ Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված բանաձևը՝ Ցեղասպանության միջազգային օրվա 10 ամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպում կազմակերպելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։