Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է որոշի Կիևին հեռահար հրթիռներ մատակարարելու հարցը:
Ներկայումս Վաշինգտոնը դիտարկում է Tomahawk հրթիռներ ձեռք բերելու Ուկրաինայի խնդրանքը: Այս հրթիռներն ունեն 2500 կմ հեռահարություն և Ուկրաինայի տարածքից արձակվելու դեպքում հեշտությամբ կարող են հարվածել Մոսկվային: Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանը համապատասխան կերպով կարձագանքի Ուկրաինային այս թևավոր հրթիռների մատակարարմանը:
Դմիտրի Պեսկովն անդրադարձել է նաև The Wall Street Journal-ի այն հրապարակմանը, թե ԱՄՆ նախագահը թույլատրել է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող էներգետիկ օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Պեսկովի խոսքով՝ Վաշինգտոնը Կիևին հետախուզական տվյալներ է փոխանցում մշտական ռեժիմով, և դա նորություն չէ: