Մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում: Մենք արդեն նրանց բնակապահովման, տներով ապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, բայց ես համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի: Մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում ՀՀ քաղաքացիությամբ: Այդ մասին ԵԽԽՎ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդիկ ինձ հարց են տալիս՝ ինչքանո՞վ է իրատեսական փախստականների վերադարձը ԼՂ: Ես ուղիղ ասում եմ՝ ես դա իրատեսական չեմ համարում: Ավելին՝ կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետև մարդիկ պետք է իրենց հեռանկարը և պլանները կառուցեն: Եվ ընդհանրապես, փախստականների վերադարձի թեման այս համատեքստում (բոլոր փախստականների վերադարձի թեման) ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև կոնֆլիկտները, այդ թվում՝ Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսվել է, թվում է, հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի:
Իմ ընկալումն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը Ալմա Աթայի [հռչակագրի] հիման վրա, և մենք պետք է կենտրոնանանք այս բանաձևի վրա, այս բանաձևն իրականացնելու վրա:
Առաջիկա տասնամյակներում (եթե շատ ուղիղ և գուցե ոչ այդքան դիվանագիտական լեզվով ասեմ) Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն իրար և պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա:
Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում և որպես ՀՀ քաղաքացի՝ ապրեն ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն ՀՀ-ում»,- ասաց նա: