Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ՆԱՏՕ-ի ղեկավարությանը տեղեկացրել է երկրի օդային տարածքի խախտման և խոցված անօդաչու թռչող սարքերի մասին: Ավելի ուշ կառավարության ղեկավարը հայտնել է, որ ոչնչացվել են «սպառնալիք ներկայացնող» անօդաչու թռչող սարքեր: «Գործողությունը շարունակվում է»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ մասին տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին:
Այս ֆոնին Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում գործում են լեհական և դաշնակիցների ինքնաթիռներ, իսկ ցամաքային հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշման համակարգերը բերվել են ամենաբարձր պատրաստության վիճակի:
«Ռոյթերսը» նշում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սկզբից ի վեր առաջին դեպքն է, երբ Լեհաստանն իր օդային տարածքում օգտագործում է ՀՕՊ համակարգեր: Գործակալությունը, հղում անելով ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը, հայտնում է, որ Լեհաստանի իշխանությունները փակել են չորս օդանավակայան:
Սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը զգուշացրել են երկրի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Վոլինի, Իվանո-Ֆրանկովսկի և Լվովի մարզերում, հարվածների սպառնալիքի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ հարվածները հասցվում են միայն Ուկրաինայի ռազմական օբյեկտներին և դրանց հետ կապված ենթակառուցվածքներին։