Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։


Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։

Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի, Կապույտ մզկիթ: