ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրին:
«Զգացմունքային մակարդակում բոլոր զգացումները կիսում եմ և հասկանում եմ այն մարդկանց պահանջները և արձանագրումները, որոնք արվում են, և արտաքին գործերի նախարարությունն էլ, ես էլ հանդես ենք եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս:
Այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ, բայց էլի ուզում եմ արձանագրենք՝ մենք աշխարհը ավելի շատ իմանալու ու ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, որ մենք բոլոր դեսպաններին հրավիրեցինք և ձևակերպեցինք, հիմա նրանք դուրս են գալու, որից հետո հարցը լուծվելու է․ ո՛չ, այդպես չէ:
Նաև էս համատեքստում և ուրիշ բոլոր համատեքստերում մենք աշխարհը ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք՝ ինձնով սկսած և ձեզնով ու բոլորով շարունակած: Սենտիմենտները սենտիմենտներ, բայց մենք պետք է փորձենք գործել բանաձևերով»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ դիվանագիտական քայլեր է ձեռնարկում հայկական կողմը՝ կապված Բաքվում պահվող հայ պատանդների հետ, Փաշինյանը նշեց՝ բոլոր բանակցություններում այդ հարցերը բարձրացնում են:
«Ընդ որում՝ մենք այդ հարցերը բարձրացնում ենք Ադրբեջանի հետ բանակցություններում: Այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, քանի դեռ արդյունք չեն տվել: Նույնն էլ ուզում եմ հիշեցնել 2023 թվականի վերջին իրադարձությունները:
Մինչև վերջին վայրկյանը այդ ջանքերը չէին երևում: Մինչև պաշտոնական հայտարարություն չեղավ, չէին երևում: Ինչու մինչև վերջին վայրկյանը մենք չէինք հրապարակում․ որովհետև չգիտեինք՝ այդ ջանքերը արդյունք տալու են թե ոչ: Արդեն իսկ կայացած փաստի մասին եմ ասում, բայց մենք վստահ չէինք և չէինք կարող վստահ լինել՝ այդ ջանքերը արդյունք տալու են թե չեն տալու:
Ընդհակառակը՝ որ պահին խոսեինք, թե ինչ ջանքեր են գործադրվում, այդ պահին ամբողջ պրոցեսը կզրոյացվեր: Նախ մենք պետք է հասկանանք՝ ինչ գործիքներ ունենք իրատեսորեն, որ կարող ենք օգտագործել, և արդյոք այդ գործիքները չե՞ն օգտագործվում: Եթե ես վստահություն ունենամ 70 տոկոսից բարձր, որ դա օգուտ է տալու գործին, ինձ համար բարդ չէ դա ասելը, բայց ես 100 տոկոս վստահություն ունեմ, որ այդ ասելը ընդամենը վնաս է տալու գործին, այդ մարդկանց»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ «մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ, որ նրանց նկատմամբ կիրառվում են խոշտանգումներ»:
«Արդեն իսկ խոշտանգումների մասին տեղեկությունները բացահայտ են։ Դուք էլ կարող եք ասել՝ բա ինչի՞ մինչև հիմա ավելի հստակ չէիք անում հայտարարություններ:
Մենք չէինք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում և այլն։ Ինչո՞ւ ենք հիմա հայտարարություն անում, որովհետև տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, որովհետև դա արդեն տեղի է ունեցել»,- ասաց Փաշինյանը։