Այսօր քննարկել ենք նաև մեր տարածաշրջանի հարցերը: Ես Լյուքսեմբուրգի նախարարին տեղեկացրել եմ, որ Հայաստանը փոխանցել է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրությունը: Գաղտնիք չէ, որ այս խմբագրությունը ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը. սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են, կան մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր: Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Հավատացած ենք, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիրը և Հարավային Կովկասում մեր մասով երկարատև կայունության և խաղաղության էջ և դարաշրջան բացել: Այդ մասին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Իհարկե չեմ մանրամասնի նաև ենթակառուցվածքների հատվածը: Մեր մոտեցումը հանրահռչակված է: Մենք պատրաստ ենք օր առաջ, րոպե առաջ սկսել ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը մեզ բոլորիս հայտնի խաղաղության խաչմերուկի ներկայացված հայեցակարգի սկզբունքների շրջանակներում»,- նշեց նախարար Միրզոյանը: