Դատախազը 2024 թվականի փետրվարի 21-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալ՝ առևտրային կազմակերպության ղեկավար Ա.Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Հաշվի առնելով, որ մեղադրյալը ցուցմունքներ է տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրա մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի ներկա փուլում էականորեն նվազել է մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:
Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին և փետրվարի 15-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու համար (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կոռուպցիոն չարաշահումների աղմկահարույց գործով փետրվարի 1-ին 2 ամսով կալանավորվել էր «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը:
Հունվարի 31-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել: Ըստ Քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Մյուս քրեական վարույթով պարզվել է, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձն ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուի հետ մտերիմ հարաբերություններ ունենալով և իմանալով նրա ծանոթներին` 2022-23 թվականներին ծրագրի պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացրած շահառուների ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, զեկուցագրեր է ներկայացրել, որ նրանց կատարած աշխատանքը համապատասխանում է չափորոշիչներին։ Ըստ գործի նյութերի՝ այդ քաղաքացիներին անհիմն փոխհատուցվել է մոտ 238,5 մլն դրամ: