1-2 ամիս է, ինչ ֆերմերները դժգոհում են կաթի գնից՝ նշելով, թե 3.6 յուղայնությամբ կաթը 120-130 դրամ է իջել: Խնդրի մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ անգամ վերջերս Գեղարքունիքում ֆերմերները ճանապարհ էին փակել: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այս ուղղությամբ, հետաքրքրվեց պատգամավորը էկոնոմիկայի նախարարից:
Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ խնդիրն ուշադրության կենտրոնում է, ապա հիշեցրեց, որ 2 տարի առաջ կաթի գինը 130 դրամի սահմանում էր, անցած տարվա ինֆլյացիոն ճնշումից հետո գինը բարձրացել էր, այս տարի վերադարձել է նախկին ստանդարտին:
«Որոշակի խնդիր կա ոչ թե հանրապետության ամբողջ տարածքում, այլ 1-2 օջախներում, որտեղ խոշոր մթերողներն արտահանողներն են եղել, և, ըստ էության, այսօր կաթնամթերքի արտահանման արգելքի պատճառով դեպի ՌԴ այդտեղ կաթի ավելացում կա: Հիմա մեր թիմերն աշխատում են, որպեսզի կարողանանք տեղային խնդիրը լուծել»,- ասաց Քերոբյանը:
Նախարարը նշեց նաև, որ կաթի գնի տարբերությունն ուղիղ կապ ունի նրա որակի հետ, քանի որ այն կարող է արտադրվել բարձրակարգ ֆերմաներում, խելացի անասնագոմերում կամ ավանդական ձևերով:
«Այո՛, այն ընկերությունները, որոնք արտահանումով էին զբաղված, իրենց հետ կա խնդիր, և այսօր ՍԱՏՄ-ն և իրենց ռուսական գործընկերները աշխատում են ինտենսիվ, որպեսզի օր առաջ բացվի ռուսական շուկան այն ընկերությունների համար, որոնք համապատասխանում են բարձր չափանիշներին»,- ասաց Քերոբյանը: