ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նկատողություն հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին:
«Ցանկություն չկա որևիցե ձևով լարելու իրավիճակը: Ես կարող էի, բնական է, այլ միջոց կիրառել, օրինակ՝ մինչև օրվա վերջ դահլիճ չթույլատրել պատգամավորին կամ այլ՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքով նախատեսված, բայց դրան չեմ գնում, և չեմ էլ կարծում, որ դա ճիշտ է:
Բայց ուզում եմ իմ գնահատականը տալ. սա կազմակերպված սադրանք էր, և ես շատ ուրախ եմ, որ մենք այս սադրանքին չտրվեցինք»,- ասաց Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը նաև կարծիք հայտնեց, թե ընդդիմությունն այս առիթն օգտագործեց, որպեսզի դահլիճ չգա:
«Ինչու դահլիճ չգան, կարո՞ղ եք գուշակել, քանի որ այսօր կա հարցուպատասխան, և այստեղ ելույթ է ունենալու ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ իրենց առիթ էր պետք, որ ծեծկռտուք լինի, որ իրավիճակը լարվի»,- ասաց Աեն Սիմոնյանը և հավելեց, որ անվտանգության աշխատակիցներին շնորհակալություն է հայտնում, ներողություն խնդրում և հորդորում չտրվել սադրանքներին:
Դիմելով ՔՊ գործընկերներին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդդիմությունը փորձելու է սադրել, և հորդորեց սադրանքներին չտրվել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը ելույթի ժամանակ մեղադրել էր դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին նախկինում իր մասին անարդար դատական վճիռ կայացնելու համար: Ելույթին տեղից արձագանքել էր «Քաղաքացիական պայմանագրից» Հովիկ Աղազարյանը, որից հետո իրավիճակը լարվել էր, վերածվել քաշքշուկի: Դահլիճից դուրս «Հայաստան» խմբակցության պատգամավորները նաև անվտանգության աշխատակիցների հետ են վիճել: