ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԽՈՒՍԱՓԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐՈՒՄԻՑ
Չինաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից։ Այդ մասին օգոստոսի 8-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Հուսով ենք, որ երկու կողմերն էլ կհետևեն հրադադարի մասին պայմանավորվածություններին, ինչպես նաև կխուսափեն իրավիճակի հետագա էսկալացիայից»,- ասել է դիվանագետը։
Նա նշել է, որ երկու հանրապետությունները Չինաստանի համար բարեկամական երկրներ են։ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն հնարավորություններ կգտնեն՝ տարաձայնությունները լուծելու քաղաքական երկխոսության շրջանակում:
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՌԴ ՀԵՏ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Զապորոժիեի մարզի ղեկավար Եվգենի Բալիցկին կարգադրություն է ստորագրել Ռուսաստանի հետ միավորման մասին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ:
Կարգադրությունը նա ստորագրել է Զապորոժիեի մարզի «Մենք Ռուսաստանի հետ ենք» հասարակական շարժման համաժողովի շրջանակներում, որն ընթանում է Մելիտոպոլում՝ 700 պատվիրակների մասնակցությամբ:
Դահլիճում, որտեղ տեղի է ունեցել համաժողովը, ի նշան Ռուսաստանի հետ միավորման շուրջ հանրաքվեի անցկացման համաձայնության, բոլոր պատվիրակները քվեարկել են՝ ձեռք բարձրացնելով։
ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԿԻԵՎԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՉԿԱ. ՊԵՍԿՈՎ
Թուրքիան բազմիցս առաջարկել է իր տարածքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպում կազմակերպել, սակայն դա անհնար է՝ առանց բանակցողների «տնային աշխատանքը» կատարելու: Այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա հավելել է, որ ներկայում Մոսկվայի ու Կիևի միջև որևէ բանակցային գործընթաց չկա։
Պեսկովն անդրադարձել է նաև Ուկրաինայի արևելքում սպասվող հանրաքվեներին։ Նրա խոսքով՝ ոչ թե Ռուսաստանն է պատրաստվում այնտեղ հանրաքվեներ անցկացնել, այլ տարածաշրջանի բնակիչները: Ուստի, ըստ Պեսկովի, Ուկրաինայի նախագահն իր դժգոհությունը պետք է հայտնի ոչ թե Կրեմլին, այլ իր երկրի քաղաքացիներին։
Պեսկովը մեկնաբանել է Էներգոդարում Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծությունները, նշել՝ «դա ծայրահեղ վտանգավոր գործունեություն է՝ հղի աղետալի հետևանքներով»:
ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿՈՉ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումները ինքնասպանություն են, դրանք պետք է դադարեն։ Դիվանագետը հույս է հայտնել, որ ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա օգտվել էլեկտրակայանից և «այնտեղ կիրառել իր իրավասությունները»:
Ավելի վաղ Էներգոդարի իշխանություններն Ուկրաինայի Զինված ուժերին մեղադրել էին Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծության համար, իսկ Զապորոժիեի մարզի ղեկավար Եվգենի Բալիցկին ՄԱԳԱՏԷ-ին մեղադրել էր ԱԷԿ-ի գնդակոծությունների հարցում անգործություն դրսևորելու համար:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին ատոմակայանի գնդակոծության համար մեղադրել է ռուսական կողմին։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում ռազմական գործողություններն անվանել է «միջուկային անվտանգության կանոնների լուրջ և անպատասխանատու խախտում»:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԲԵՌՆԱՆԱՎ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐԻՑ
Ուկրաինական ևս երկու բեռնանավ դուրս է եկել Սև ծովի նավահանգիստներից, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից: Նշվում է, որ Sakura նավը տեղափոխում է 11 հազար տոննա սոյա, իսկ Arizona նավը՝ 48458 տոննա եգիպտացորեն։
Միևնույն ժամանակ, դեպի Ստամբուլ է շարժվում ևս չորս նավ, որ նախօրեին դուրս էր եկել ուկրաինական նավահանգիստներից: Հացահատիկով և սննդամթերքով բեռնված բոլոր նավերը անցնում են հումանիտար միջանցքով և ուղևորվում Ստամբուլ, որտեղ դրանք զննում են համակարգող կենտրոնի ներկայացուցիչները:
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հայտարարել է, որ հացահատիկի և սննդամթերքի անվտանգ արտահանման մասին պայմանավորվածությունների շրջանակներում իշխանությունները նախատեսում են ամեն ամիս շուրջ 100 նավ ուղարկել ուկրաինական նավահանգիստներից։