Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր կկայանան 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն այսօր մրցում են Ադրբեջանի հետ:
Տղամարդկանց հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով կմրցի Շահրիար Մամեդյարովի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով կխաղա Հադիր Հուսեինովի հետ, Մանուել Պետրոսյանը սևերով կխաղա Վասիֆ Դուրաբայլիի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կմրցի Նիյատ Աբասովի հետ:
Հայաստանի հավաքականը նախորդ՝ 9-րդ տուրում, կրել է առաջին պարտությունը՝ 1:3 հաշվով զիջելով Ուզբեկստանին:
Կանանց հավաքականի կազմում էլ Ադրբեջանի թիմի դեմ խաղում հայտավորված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:
Նախորդ՝ 9-րդ տուրում, կանայք մրցել են ռումինացիների հետ և 3:1 հաշվով հաղթանակ տարել, իսկ 8-րդ տուրում Զավեն Անդրիասյանի սաները 0.5։3.5 հաշվով պարտվել են Վրաստանի թիմին։
10-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն ժամը 13:30-ից: