Շփման գծում Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են: Արցախի արտգործնախարարի գնահատմամբ՝ սա Բաքվի՝ նաև ռուսական խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական փորձն է:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ԿՈՉ
Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները՝ նշելով, որ հայատյացությամբ Ադրբեջանը խախտում է Արցախի քաղաքացիների կենսական շահերն ու իրավունքները:
Արամայիս Աղաբեկյան (Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր) - Ինչ վերաբերում է կոնկրետ Լաչինի վերաբերյալ, մնացած ռազմավարական կարևոր հարցերի վերաբերյալ մեր տեսակետին, մեր տեսակետը հստակ է և պարզ է՝ այն պետք է համապատասխանի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, և այդ դրույթների շրջանակից դուրս որևէ լուծում չի կարող ընդունելի լինել Արցախի Հանրապետության ոչ միայն իշխանությունների, այլև ցանկացած քաղաքական բևեռի համար:
Արցախի Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերը կոչ են արել տարբեր երկրների խորհրդարաններին և միջազգային բոլոր կազմակերպություններին` խստորեն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները և գործնական քայլեր ձեռնարկել կանխելու համար նոր ոճրագործությունները:
Դավիթ Գալստյան (Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար) - Հաշվի առնելով, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի կողմից կատարված հանցագործություններին ճիշտ և օբյեկտիվ գնահատական չի տվել, հենց դա է սանձազերծել այսօր Ադրբեջանին:
Արտգործնախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային կազմակերպությունների կոչերը պետք է հասցեական լինեն:
Դավիթ Բաբայան (Արցախի արտաքին գործերի նախարար) - Մենք տեսանք, որ տարբեր կազմակերպություններ, տարբեր կառույցներ հայտարարությամբ հանդես են եկել, մենք ողջունում ենք ցանկացած հայտարարություն, իսկապես, որովհետև այնտեղ նշված է, որ պետք է խաղաղություն լինի, կայունություն լինի, բայց երբ որ նրանք հասցեական չեն, ա՛յ սա շատ մեծ խնդիր է, որովհետև չի կարելի հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի ենթարկվածի միջև:
Եվ քանի դեռ չկան հասցեական գնահատականներ, Ադրբեջանը շարունակում է իր հին ոճով գործել: Այսօր, երբ շփման գծում հարաբերականորեն հանգիստ է, ադրբեջանական հատուկ ծառայություններն անցել են համացանցային գրոհի: Արցախի անվտանգության ծառայությունը հայտնում է, որ քաղաքացիների և պետական կառույցների էլեկտրոնային հասցեներին ու մեսենջերներին կեղծ լուրեր ու սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են ուղարկում՝ փորձելով խուճապ տարածել: